Ֆրանսիայի դեսպանը վերահաստատեց իր երկրի և Եվրամիության աջակցությունը ուկրաինացիներին
Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումները հնարավորություն կտան եվրոպական առաջնորդներին որոշելու այն պատժամիջոցները, որոնք կիրառվելու են Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այդ մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցող միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
Միջոցառումը նվիրված է Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ներկա են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի կառավարության անդամներ, օտարերկրյա դեսպաններ։
Դեսպան Անն Լույոն իր ելույթի սկզբում նշեց, որ սա շատ ուրախ և երջանիկ օր է Հայաստանի և Ֆրանսիայի համար, և իրենք հավաքվել են այս կարևոր տարեդարձը տոնելու, սակայն այն, ինչ տեղի է ունենում այս օրերին և հատկապես այն, ինչ նախորդ գիշեր եղավ Ուկրաինայում, թույլ չի տալիս չանդրադառնալ այդ իրադարձություններին։
Դեսպանը իր խոսքում շեշտեց, որ վերահաստատում է Ֆրանսիայի և Եվրամիության համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին։ «Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումները պետք է հնարավորություն տան որոշելու այն խիստ պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն, և ես վերահաստատում եմ Ֆրանսիայի և Եվրամիության համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին», - հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Armenpress.am



















