Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին՝ Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով:

Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն, զարգանում են խորհրդարանական, մշակութային-հումանիտար կապերը:

Գիտեք, որ մենք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում ենք ամենաջերմ զգացմունքները, ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ՝ վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները:

Գործնականում մենք դաշնակիցներ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Իր հերթին, Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, ուրախ եմ հանդիպել Ձեզ: Սա այս տարի դեմ առ դեմ մեր առաջին հանդիպումն է, սակայն մենք բազմիցս ենք խոսել հեռախոսով: Շատ ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է:



Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը: Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը:

Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանիզմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ՝ այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»:



Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն