Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում ակտիվանում է պահպանողական թեւը ներկայացնող նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք, եւ հատուկ դեր է հատկացվում Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանի ներքաղաքական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական կուրսը, որոշում է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, սակայն իրանական քաղաքական համակարգն ունի շատ կարեւոր առանձնահատկություն՝ ռեֆորմիստների եւ պահպանողականների առճակատում:

Ոսկանյանը պարզաբանել է, որ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի օրոք Իրանի արտաքին քաղաքականությունն Արեւմուտքի նկատմամբ կարող է ավելի կոշտ դառնալ, չնայած կտրուկ շրջադարձեր չեն լինի: Սա վերաբերում է նաեւ Հարավային Կովկասում տարվող քաղաքականությանը:

«Երկրի նախկին կառավարությունը՝ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ, պահպանողականների կողմից բավականին կոշտ քննադատությանն է արժանացել հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ չկարողանալու համար կառավարել պատերազմից բխող ռիսկերը, ինչը չի կարող գոհացնել Իրանին:

Այս առումով, Թեհրանի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ավելի ակտիվ է լինելու, քան դա Ռոհանիի նախագահության տարիներին էր:

Ակնհայտ է, որ իրանական կողմը շահագրգռված է ակտիվացնելու բոլոր այն նախագծերը, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն: Սա առաջին հերթին վերաբերում է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը: Այս ծրագրում իրանցիները հատուկ դեր են հատկացնում Հայաստանին՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում առաջացած բոլոր նոր ռիսկերը եւ հնարավորությունները: Այս ուղղությամբ ակտիվանում է իրանական քաղաքականությունը: Իրանցիները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում Թուրքիայի փաստացի ներկայությունը սահմանափակում է հյուսիսային ուղղությամբ Իրանի աշխարհառազմավարական մանեւրի հնարավորությունները` ներառյալ Սեւ ծովը: Թուրքմանչայի 1828 թվականի պայմանագրից հետո Հարավային Կովկասի տարածքը անցավ Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ, եւ Թուրքիան այս տարածքում այլեւս անելիք չունի: Իրանում իրենց քաղաքական ելույթներում այս մասին չեն բարձրաձայնում, սակայն սա շատ կարեւոր պահ է, ինչի մասին նշում են իրանական վերլուծական շրջանակներում:

Երբ Իրանը ղեկավարում են պահպանողականները, ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում հայ-իրանական համագործակցությունն ամրապնդելու համար, սակայն դրանք միայն հնարավորություններ են, եւ դրանցից դեռ պետք է կարողանալ օգտվել: Հարցը ոչ միայն Իրանի կառավարության արտաքին քաղաքական կուրսի մեջ է, այլ նաեւ, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Հայաստանի եւ Արցախի կողմից: Ակնհայտ է, որ կա համագործակցության եռակողմ ձեւաչափի ստեղծման առումով շատ կարեւոր օրակարգ ձեւակերպելու հնարավորություն՝ Հայաստան, Իրան եւ Ռուսաստան: Այս առումով, Երեւանը պետք է ամրապնդի իր քաղաքական դիրքերը ոչ թե օգտագործելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ շահերի հնարավոր հակասությունները, այլ համադրելով այդ շահերը», - ընդգծել է նա:

Ըստ փորձագետի՝ իրանական վերլուծական շրջանակները շատ բացասական են գնահատում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» (որը ստորագրել են Ալիեւը եւ Էրդողանը), մասնավորապես նրանց անհանգստացնում են «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները: Սա ուղղակիորեն հակասում է իրանական շահերին, եւ Թեհրանը ամեն կերպ խոչընդոտելու է այդ «ծրագրին»:

«Իրանում հասկանում են, որ չնայած Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ որոշ հակասություններին, Անկարան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալ: Այս իմաստով, Թուրքիայի հնարավոր ներկայությունը Արցախում, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում, հեռուն գնացող նպատակներ ունի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության առումով: Ուստի, իրանական կողմը գործելու է առաջին հերթին իր շահերից ելնելով: Եվ եթե հաշվի առնենք Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, որոնք համընկնում են Իրանի շահերի հետ, ապա շատ լավ հնարավորություն կա եռակողմ համագործակցության արդյունավետ ձեւաչափ ձեւավորելու համար:

Սա շատ կարեւոր ազդանշան է լինելու: Հայաստանն ու Իրանը «անաղմուկ» աշխատանքի շատ դրական փորձ ունեն, ուստի այնքան էլ կարեւոր չէ՝ այս ամենը ամրագրվելու է փաստաթղթում, թե ոչ: Գլխավորն այն է, որ լինի համագործակցություն, որով Թեհրանը նույնպես հետաքրքրված կլինի:

Եթե ​​Թուրքիան առարկայական մտադրություններ ունի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելու հարցում, ապա այդտեղ Իրանի դիրքորոշումը բավականին կոշտ է լինելու: Գործընթացները ցույց են տալիս, որ հենց դրան է տանում Անկարան: Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, այսպես կոչված, միջազգային օդանավակայանի վերակառուցումը թուրքական բազա հիմնելու՝ հեռուն գնացող նպատակ ունի: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հյուսիսատլանտյան դաշինքի այս օդանավակայանը կարող է օգտագործվել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ», - ընդգծել է փորձագետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն