Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ
Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու:
Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել:
Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել:
Hraparak.am