Աշտարակի մայր ջրանցքն առաջին անգամ վերակառուցվում է
Սա Աշտարակի մայր ջրանցքն է, տեղացիների խոսքով՝ մթա 3-րդ դարի կառույց: Հենց սրա շուրջն է կառուցվել Աշտարակ բնակավայրը: Ոչ միայն քաղաքի, այլև հարակից բնակավայրերի ոռոգման ջրի միակ աղբյուրը հանդիսացող հողե ջրատարի ամենավթարային հատվածներն առաջին անգամ վերակառուցվում են:
Կամո Մարտիրոսյան (ՋՕԸ ներտնտեսային տեղամասի պատասխանատու) - Կորուստները շատ էր, x քանակի ջուր էինք ստանում, դրա մոտ 70 տոկոսը կորուստ էինք տալիս, այսինքն՝ ներծծվում էր հողե հունե առվի մեջ:
13 թունել ունեցող ջրատարով հոսելիս ջրի կորուստները տարեցտարի ավելացել են: Ոռոգման ջրի պակասի պատճառով Աշտարակի 440 հա-ից վերջին տարիներին մշակվում է միայն 180 հա, որից 70-ը՝ տնամերձ:
Կամո Մարտիրոսյան - Հիմա բետոնապատել ենք, էս կորուստները կվերանան, 1 հա էլ հող կավելանա, մարդիկ կգան դաշտ, կօգտվեն էս ջրատարից:
Շինարարներն ինտենսիվ աշխատում են Քասախի ձորի հատվածում՝ շատ բարդ ռելիեֆային պայմաններում, թեք լանջի վրա, որտեղ մեր նկարահանող խումբն անգամ դժվարությամբ հասավ:
Արտաշես Գալստյան (շինարար) - Սաղ քար էր առվի մեջ, բոլորը ձեռքով ջարդել-հանել ենք, էս խողովակները բետոնի վերևից՝ սարի գագաթից ենք իջեցրել:
Վերականգնվում է 150 գծամետր, որից 97-ն արդեն ավարտված է։ Ընդհանուր առմամբ՝ այս աշխատանքի համար 230 մլն դրամի ներդրում է կատարվել: Վերակառուցում են առավել քայքայված ու վթարային հատվածները՝ հաշվի առնելով, որ դրանց ներքևի հատվածում կան հանգստի և ժամանցի գոտիներ:
Կարեն Դադոյան (Տարածքային զարգացման հիմնադրամի Ջրային տնտեսության ԾԻԳ մասնաճյուղի տեխնիկական վերահսկողության խմբի ղեկավար) - Նախատեսված է եղել վերականգնել ընդհանուր 620 գծամետր և՛ քաղաքում, և՛ թեք լանջային հատվածում: Արդեն իսկ վերականգնվել է 745 գծամետր, այսինքն՝ լրացուցիչ աշխատանքներ են կատարվել:
Վերակառուցումն իրականացնում է ՏԶՀ-ն՝ Ոռոգման համակարգերի արդիականացման եռաբաղադրիչ ծրագրի շրջանակում, որի համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդվել է 50 միլիոն դոլար:
Կարեն Դադոյան - Երրորդ բաղադրիչով նախատեսված է Հանրապետության 105 համայնքներում կատարել շուրջ 265 կմ երկարությամբ ներտնտեսային ցանցերի վերականգնման աշխատանքներ: Դրանք արդեն ավարտական փուլում են:
Կատարվող աշխատանքի նպատակն է տարեկան խնայել 11.8 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կրճատել 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով ավելացնել ոռոգվող հողատարածքները: 8 պոմպակայան շահագործումից հանել, վերականգնել 64.2 կիլոմետր ջրանցքներ:
Կարեն Դադոյան - Ջրանցքների վրա կատարվում են կապիտալ բնույթի աշխատանքներ: Այն ջրանցքներում, որտեղ կապիտալ վերանորոգում է արվել, եթե նախկինում եղել են հողային հունով կամ քայքայված բետոնե, կորուստները հասել են նույնիսկ 50 տոկոսի, վերականգնումից հետո կորուստները նվազել են մինչև 10 տոկոսի:
Ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
1lurer.am