Pegasus ծրագրի հետ կապված հետաքննություն է տեղի ունեմ. հրապարակում կլինի
ԱՄՆ կառավարությունն ու «Էյփլ» ընկերությունը մեծ դատական գործ են սկսել իսրայելական NSO group-ի դեմ։
Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ, գիտեմ նաև, որ Հայաստանում դիմել են այլ քաղաքական գործիչների և լրագրողների, որոնց հեռախոսում հայտնաբերվել է Pegasus ծրագիրը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հետաքննող լրագրողների կողմից իրականացվում է հետաքննություն, որի վերաբերյալ, կարծում եմ, կլինի ծավալուն հրապարակում»,- հավելեց Վանեցյանը։
Հիշեցնենք՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Վանեցյանը հայտարարեց, որ փաստացի տվյալներ կան այն մասին, որ իր հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ «Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է այդ տխրահռչակ ծրագիրը»,- ասել էր նա։
Hraparak.am