Չնայած 2020 թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ Հայաստանի Կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով՝ Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը հատուկ բանագնացին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Արցախի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևոր է համարում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում՝ ակնկալելով միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

ԿԱՆԱԴԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը հեռանկարները: Վարչապետն առաջարկել է դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները:

Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Երևան ժամանած հատուկ բանագնացը եղել է նաև Բաղրամյան 26-ում: Նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Ստեֆան Դիոնը խոսել է Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական գործընկերության ոլորտներում:

Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ հայրենադարձման հարցն էլ քննարկվել է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը: Արշակյանը բարձր է գնահատել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Կանադայի ակտիվ ջանքերը կրակի դադարեցման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև Թուրքիային կանադական սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու որոշումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարևորությանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն