Իմքայլական մի քանի պատգամավորներ «ՔՊ» ցուցակում չեն լինելու
Սոցիալական ցանցերում այսօր՝ մայիսի 26-ին, «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հայտնում են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Նշենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր՝ մինչեւ 18:00-ն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը։
«ՔՊ» ցուցակում չեն լինելու Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Մանուկյանը։
«Հարգելի հայրենակիցներ,
Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան,
խնդրում եմ հարգել նաեւ իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը։
«Հարգելի հայրենակիցներ, Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Արտակ Մանուկյանը։