Նախագահը միշտ պետք է կարողանա պաշտպանել ապաքաղաքական դիրքը. Խաչատուրյան
ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից նախագահի դերի մասին խոսելով՝ կարևորեց ապաքաղաքական կեցվածքը:
«Նախագահի ինստիտուտը պետք է թափուր չլինի, այն պետք է գործի: Ինչպես իշխանության մնացած թևերը, այնպես էլ ՀՀ նախագահը կամ նախագահի ինստիտուտը մշտական պետք է լինի: Եթե փորձ է արվում նսեմացնել, ընդհանրապես այս ինստիտուտի հետ կապված հարցադրումները հարցականի տակ դնել, ես ընդամենը դա ընդունում եմ որպես քաղաքական գործիք ինչ-որ նպատակներ իրականացնելու համար:
Ինչպես երեկ, այսօր էլ ես քաղաքական գնահատականներ չեմ տալու, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ես որպես անկուսակցական եմ հանդես գալիս: ՀՀ նախագահի դերը հենց դրանում է, որ ինքը վերքաղաքական է կամ ապաքաղաքական: Այդ ապաքաղաքական իր դիրքը միշտ պետք է կարողանա պաշտպանել»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանն իր խոսքում կարևորեց ազատությունը և արժանապատիվ կեցվածքը:
«Խնդիրն այն է, որ մենք դեռևս նախկին իշխող համակարգի ազդեցության տակ ենք: Այդ համակարգը մեզնից հակառակն էր պահանջում՝ պետք է ազատ չլինեինք, պետք է ավելի ստրուկ լինեինք, և մեզ առաջադրված կամ թելադրված խաղի կանոններն այնպիսին էին, որ անընդհատ պետք է առաջնորդվեինք թելադրված այնպիսի կանոններով, որոնք մեզ պարզապես դարձնում էին կոռուպցիայի մասնակից, անօրինական տնտեսական գործունեության մասնակից»,-ասաց Խաչատուրյանը:
1lurer.am