Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը
Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»:
Նշենք, որ Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվել են փետրվարի 23-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր Քրիստինե Գրիգորյանին, ով եղել է արդարադատության փոխնախարար:
Tert.am