Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները
Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների հատվածներ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր 2 գործընկեր, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար», - ասաց նախարարը:
Արձագանքելով Սանոսյանին Փաշինյանն ասաց՝ թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին։
«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կարձանագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում», - հայտարարեց Փաշինյանը և հավելեց՝ զուգահեռ աշխատում են, որպեսզի ժամանակը ռացիոնալ օգտագործեն:
Tert.am