Մարիուպոլ քաղաքի շրջապատման օղակը նեղանում է. ՌԴ ՊՆ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները սեղմել են Մարիուպոլ քաղաքի շուրջ օղակը: Այս մասին ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ զենքով շարքից հանել են Կիևի Լիսայա Գորա շրջանում ռեզերվային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը: Կենտրոնի ոչնչացման ժամանակ զոհեր և բնակելի տների ավերածություններ չկան»,- նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում խոցվել է ավելի քան 1600 ռազմական օբյեկտ, ոչնչացվել են 62 կառավարման կետ և կապի հանգույց, 39 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր, 52 ռադիոտեղորոշման կայան: Բացի այդ, նրա խոսքով՝ գետնի վրա ոչնչացվել է 49 ինքնաթիռ, օդում՝ 13, խոցվել են 606 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգ, 227 դաշտային հրետանի և ականանետ, 405 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև 53 անօդաչու թռչող սարք:
1lurer.am