Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Հայաստանում է
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի և մի խումբ գործարարների ընկերակցությամբ, ժամանել է Երևան՝ քննարկելու փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հետ կապված մի շարք հարցեր։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամին, parstoday-ի փոխանցմամբ, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այցի ընթացքում կարևորվում է համատեղ ձեռնարկությունների հարցը, որպեսզի իրանական ընկերությունները կարողանան ներդրումներ կատարել Հայաստանում, ապրանք արտադրել և արտահանել այլ երկրներ»։
Նշելով, որ Իրանի ու Հայաստանի տնտեսությունները փոխլրացնում են իրար, և երկու երկրները կարող են օգնել միմյանց առևտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում, Ֆաթեմի Ամինը հավելել է. «Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպմանը, որին մասնակցելու են նաև իրանցի գործարարներ, քննարկվելու է երկու երկրների համագործակցության ընդլայնման հարցը»։
Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարը հստակեցրել է. «Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը եղել է ԻԻՀ-ի կառավարության առաջնահերթություններից մեկը, և վերջին ամիսներին ջանքեր են գործադրվել ընդլայնելու Իրանի հարաբերությունները Օմանի, Կատարի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի հետ»։
hy.armradio.am