Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։

«Հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները:

Մ.Դավթյանն ու Դ.Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:

Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։

Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Նշենք, որ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։ Արցախի Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանն ամուսնու հետ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ են հայտարարել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն