Պղնձի խտանյութն էժան ձևակերպել, թանկ վաճառելու միջոցով շահույթը գրպանելու Զանգեզուրի կոմբինատի խարդախությունը բացահայտված է։ Բյուջե է վերականգնվել  պետությանը պատճառված վնասներից՝ այս պահի դրությամբ ամենախոշոր գումարը՝ 15 մլրդ 017 մլն 640 հազար 469 դրամ չվճարված հարկ՝ օրերս հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն։ Ձախ գործարքներն արվել են 2016-17 թվականներին, ընկերության հասույթն արհեստականորեն նվազեցվել է միջնորդ մատակարարի օգնությամբ: Բացահայտված սխեմայի մասին Կառավարության նիստին և նիստից հետո մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ ղեկավարը։

Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Եթե միջազգային գինը եղել է 6500 դոլար, պայմանավորվել են, որ այս միջանկյալ օղակին կվաճառեն 2000 դոլարով։ էդպիսի պայմանագրերի արդյունքում ԶՊՄԿ-ն չի ստացել այն շահույթը, ինչ պետք է ստանար, եթե չլիներ միջանկյալ օղակը:

Միջնորդ օղակը եղել է Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, տնտեսական որևէ գործունեություն չիրականացնող ընկերություն, որն ապահովել է միայն ձևական հաշվապահությունը։ Իրականում խտանյութը՝ սթրիմինգային պայմանագրով, կնքվածից բարձր, միջազգային շուկայական գներով ուղիղ մատակարարվել է հայկական հումքը վերամշակող իրական գնորդ օտարերկրյա կազմակերպությանը։ Այդ մասին, ի դեպ, տեղյակ են եղել պղնձամոլիբդենային կոմբինատի և՛ բաժնետերերը, և՛ տնօրենների խորհրդում, բայց քանի որ Քրեական օրենսգիրքը պատասխանատվությունը դնում է տնօրենի վրա, գործը հարուցվել է Մհեր Պոլոսկովի նկատմամբ։ Նա էլ վճարել է 15 միլիարդը՝ ձեռնարկությունում ունեցած իր փայաբաժնի վաճառքի՞, թե՞ այլ աղբյուրի հաշվին՝ կարևոր չէ։ Կարևորը, որ փողը Զանգեզուրի գործարանի գումարներից չի փոխանցվել բյուջե, ասում է Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյան - էդ անձնական միջոցները ձևավորվել են գործարքի արդյունքում, այլ անձանց միջոցո՞վ է եղել, թե՞ չէ՝ այդ ինֆորմացիան մեզ չի հետաքրքրում:

Լրագրողների հարցրեցին, թե արդյոք կոռուպցիոն մեկ այլ ռի՞սկ չէ, որ կոմբինատում Կառավարությունը վերջերս բաժնեմաս ստացավ, Բադասյանը կարճ պատասխանեց՝ ո՛չ։ Ընկերության սեփականատերը ցանկացել է հանքարդյունաբերական խոշոր ներդրում անել և գործընկեր ընտրել է պետությանը։ Ինչ վերաբերում է ժողովրդից թալանածը վերադարձնելուն, բյուջե վերականգնված 15 միլիարդը ժամանակին հնչեցրած խոստումների ապացույցն է՝ ասաց։ Անդրադառնալով հարկերի հավաքմանը՝ մտավախություն հայտնեց, որ աշխարհում տեղի ունեցող զարգացումների ու տնտեսական ցնցումների ֆոնին հնարավոր է բյուջեի մուտքերը կրճատվեն։

Ռուստամ Բադասյան - Հունվարի համար եղել է 135 միլիարդի շրջանակում, և գերակատարել են, փետրվարին՝ 112 միլիարդի կարգի, էլի գերակատարել ենք, դրական դինամիկա ունենք: Իհարկե, այն իրադարձությունները, որ տեղի են ունենում հիմա, իրենց բացասական ազդեցությունը կունենան:

Արտահանման-ներմուծման դժվարությունների բախվող բիզնեսի մի գլխացավանքը ՊԵԿ-ը մարտի 1-ից վերացրել է․ որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցնել առավել հասցեական՝ թիրախային հսկողության։ Տնտեսվարողն այլևս պարտավոր չէ ԱՏԳԱԱ-ում դասակարգման առումով խնդրահարույց որոշ ապրանքների՝ տեխնիկայի, սարքավորման և տեխնոլոգիական մի շարք ապրանքների համար դիմել կոմիտեի մաքսային հսկողության վարչություն, հատուկ ծածկագիր ձեռք բերելու։ Կարող է մաքսային ձևակերպումն իրականացնել ըստ իր ունեցած փաստաթղթերի՝ գործարքի գնի մեթոդով։

Ռուստամ Բադասյան - էդ ոչ ֆորմալ երևույթը բացառելու համար ենք անում: Տնտեսվարողը կարող է իր մոտ եղած միջոցները գրանցել և ֆինանսներ խնայել:

Տնտեսվարողներին վստահում են՝ տեսնեն ճի՞շտ են հայտարարագրում ապրանքների ծածկագիրն ու մաքսային արժեքը։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն