Օտարերկրյա բիզնեսը՝ Հայաստանում․ հետաքրքրված է 5000 գործարար
Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու եւ նոր բիզնես հիմնելու հարցերով աշխատանքային խումբ՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախարարությունը։ Աջակցության համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե՝ [email protected], որին հնարավոր է հարցեր ուղարկել՝ նամակում նշելով տեղեկություններ ընկերության, գործունեության ոլորտի, աշխատակիցների քանակի, տեղափոխման մոտավոր ժամկետների մասին: Քանի ընկերություն է մինչև այժմ ցանկացել տեղափոխվել Հայաստան, ո՞ր ոլորտներում են դրանք գործում և ի՞նչ տարբերություններ են տեսնում Հայաստանում։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրներներում էլ բիզնես ներկայացուցիչները հետաքրքրված են Հայատսան տեղափոխվելու հնարավորությամբ։ Էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնես հիմնելու հարցերով։ Ավելի վաղ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ տասնյակից ավելի բիզնեսներ արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան։
«Մի քանի ընկերություններ էլ արդեն ճանապարհին են։ Ընդհանուր բազմաթիվ ընկերություններ են դիմել։ Տասնյակ, նույնիսկ 100-ավոր կարելի է ասել»։
Էկոնոմիկային նախարարության հավաքագրված տվյալները փոխանցվում են Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն, որի մասնագետները լիարժեք տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում՝ ինտեգրման բոլոր գործընթացներում։ Կենտրոնի իրավախորհրդատու Լիլիթ Սապաժեանի խոսքով՝ բիզնեսը Հայաստան տեղափոխող անձանց և ընկերություններին հետաքրքրող հարցերի շրջանակը լայն է․ ո՞ր ուղիներով է հնարավոր գալ Հայաստան, ինչպե՞ս հիմնել բիզնես կամ գրանցել ՍՊԸ, արդյո՞ք նախատեսված են հարկային արտոնություններ ՏՏ-ով զբաղվող ընկերությունների համար։ Լիլիթ Սապաժեան․
«Այդ անձանց քանակի և նրանց ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ կարող եմ կարծիք կազմել ըստ այն բանի, թե ինչ տեղեկություններ են նշել։ Օրինակ, շատ եմ հանդիպել ՏՏ-ի և կրիպտոարժույթների վերաբերյալ գործարքներ ցանկացող անձանց։ Հանդիպել եմ օնլայն առևտրին, կառուցապատման խնդիրներին վերաբերող հարցադրումների»։
Տեղեկատվական աջակցությունը տրամադրվում է տելեգրամյան ալիքների միջոցով։ Մարդկանց հետաքրքրում են նաև գործընթացը օնլայն իրականացնելու հնարավորությունները, այսինքն՝ հեռավար կարգով Հայաստանում բանկային հաշիվ բացելու և հեռավար տարբերակով Հայաստանում բիզնես գրանցելու հեռանկարը։ 2012-ից Հայաստանում կա նման հնարավորություն։
«Տեղեկատվական աջակցություն ցույց տվող խմբերն են, օրինակ, բանկի հետ կապված խմբում առկա է 600-ից ավելի անձ։ Հայաստան տեղափոխման խմբում արդեն գրեթե 7000, տեղափոխման հետ կապված մյուս խմբում ավելի քան 8500 անձ կա, մասնագիտացված անհատ ձեռներեցներ և իրավաբանական անձ բացելու հետ կապված խմբում առկա է ավելի քան 400 անդամ։ Կարծում եմ՝ առնվազն 5000 հոգի ռեալ հետաքրքրված է, որովհետև թիվը շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ-երկու օրվա մեջ, աճել է»։
Ի՞նչ առավելություն ունի Հայաստանը և ինչո՞ւ են գործարարները նախապատվությունը տալիս հենց մեր երկրին։ Եղանակային պայմանների առումով օտարերկրացիներին գրավում է Հայաստանի տաք կլիման։ Հետաքրքում է նաև այն, որ Երևանին հարակից շատ տարածքներ զբաղված չեն, և օտարեկրացիները դրանք դիտարկում են որպես պոտենցիալ բիզնեսի հարթակներ։ Առավելություն է նաև այն, շատ մեծ քաղաքների, օրինակ, Մոսկվայի համեմատ ցածր են բնակարանների վարձակալության գները։ Գրավիչ են նաև հարկային կարգավորումները։ Բայց այս ամենի կողքին մտահոգություններ ևս կան՝ ասում է Լիլիթ Սապաժեանը։
«Մարդիկ ցանկանում են հեռավար կարգով բանկային հաշվիներ բացել բիզնեսի համար։ ՀՀ-ում որոշ բանկեր ֆիզիկական անձանց տալիս են այդ հնարավորությունը, բայց քիչ են այն բանկերը, որոնք տալիս են հնարավորություն որպես բիզնես, այսինքն՝ անհատ ձեռնարկատեր կամ որպես իրավաբանական անձ հաշիվ բացել»։
Քանի՞ ընկերություն է այս պահին տեղափոխվել Հայաստան․ հստակ թվային տվյալներ չկան, սակայն վերջին օրերին պետռեգիստրում գրանցումների կտրուկ աճ կա՝ նկատում է Սապաժեանը։
«Պետռեգիստրում անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար, երբ որպես մասնավոր իրավաբան օգնում էինք մարդկանց՝ գործարքների կնքման համար, այդ ժամանակ յուրաքանչյուր երկու-երեք ժամում 20-30 հոգու հեթագրման էինք սպասում, այս օրերին այդ թիվը գերազանցում է ավելի քան 80-ը»։
Այս տվյալները, սակայն, ընդհանուր են, քանի որ Իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման պետռեգիստրը չունի համակարգ, որն առանձնացնում է օտարերկրյա անձնաց և ՀՀ քաղաքացիների բիզնեսների գրանցումը։ Վերջին օրեին 400 գրանցում է իրականցվել, բայց հնարավոր է դրանց թվում նաև անձինք են, որոնք գրանցումն իրականցրել են Հայաստանում գտնվող և էլեկտրոնային ստորագրություն ունեցող ՀՀ քաղաքացու միջոցով։
hy.armradio.am