Ռուսաստանի օպերացիան կարգով շատ ավելի բարձր է, քան ՆԱՏՕ-ինը, երբ Իրաք էին մտնում. փորձագետ
«Ի՞նչ ռուս-ուկրաինական պատերազմ։ Դա արևմուտքի քարոզչության հատուկ ստորաբաժանումների բնութագրումն է մի իրողության, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Սա պատերազմ էլ չէ։ Բոլոր զինվորականները, որոնք լավ գիտելիքներ ունեն, կարող են հստակ փաստել, որ սա պատերազմ չէ։
Պատերազմն այն է, երբ խնդիր է դրվում այս կամ այն քաղաքը գրավել՝ չնայելով, չմտածելով, թե ինչ զոհեր կլինեն և այլն։ Դուք նայեք Մոսուլի ու Ռաքքայի գրավումը։ Նայեք ու տեսեք, թե ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկները՝ առաջնորդությամբ ԱՄՆ-ի, գրավեցին։ Ռաքքայում այնքան էին ռմբակոծել, որ մի տարի անցել էլ այդ քաղաքից դիակներ էին հանում։ Այսինքն՝ եթե խնդիր են դնում քաղաք գրավել, միանշանակ պիտի լինի ռմբակոծում, հրթիռակոծում, որից հետո տանկային ճեղքում։ Հետո էլ դիմադրություն չկա, ցանկության դեպքում էլ չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այն օպերացիան, որն իրականացնում է` Ռուսաստանը Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության ոչնչացում է, եթե իհարկե կա դիմադրություն, որովհետև լավ գիտեք, որ տեղեր կան առհասարակ դիմադրություն չկա։ Ռուսաստանի երկրորդ նպատակը դենացիֆիկացիան է։ Այսինքն՝ Ուկրաինայի իշխանությունները, որոնք նացիզմի գաղափարական հենքի վրա են, իսկ դա որևիցե մեկի համար էլ գաղտնիք չէ, պիտի հեռանան։ Ռուսաստանի իշխանությունը հստակ խնդիր է դրել՝ ազատվել ուկրաինական իշխանություններից։ Պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը երեկ բառացի ասաց, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը պիտի դենացիֆիկացվի` այնպես, ինչպես Գերմանիան 1945 թվականի պարտությունից սկսած։ Դենացիֆիկացիայով նաև մարդկանց ընկալումները փոխելու խնդիր են լուծում։ Ովքեր մարդկանց սպանությունների, բռնությունների, թալանի մեջ մեղավոր են, պատժվելու են։ Մարդկանց ընկալումները ուզում են փոխել, որովհետև 30 տարի Ուկրաինայում նացիստական գաղափարախոսությունը աստիճանաբար սրսկվել է մարդկանց մեջ ու այդպես մի ամբողջ սերունդ է մեծացել»,- նշեց Նահապետյանը։
Նահապետյանի պնդմամբ՝ ռուսական բանակը հստակ մարտավորությամբ է առաջնորդվում։ «Ռուսաստանի ԶՈՒ-ի առաջին մարտավարությունը քաղաքներ չմտնելն է։ Իհարկե, այն քաղաքներ, որտեղ որ դիմադրություն չկա։ Հստակ է՝ դիմադրություն չկա, զորքը քաղաք չի մտնում։ Այդ իրավիճակում զորքը պարզապես շրջանցում է այդ քաղաքը ու գնում է իր մարտական այլ խնդիրները լուծելու։ Ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանի ուժերը թիրախային հարվածներ են հասցնում առաջին հերթին ռազմական օբյեկտներին, բազաներին, ոչնչացվում են տանկեր, զրահատեխնիկա, կապի միջոցներ, հրամանատարական կառավարման կետեր, այսինքն՝ խաղաղ բնակչության մասով հրթիռակոծում չկա՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բնակելի շենքեր։ Ուկրաինական բանակի ղեկավարությունն էլ իմ նշած ենթակառուցվածքների մոտ՝ դպրոցներ, մանկապարտեզ, տեղակայում են տանկեր, տեխնիկա, որոնցով ու որտեղից կրակում են Ռուսաստանի ԶՈԻ-ի ուղղությամբ։ Նրանք ամենայն հավանականությամբ մտածում են, որ պատասխան հարված է լինելու ու այդ հարվածը թեկուզ եթե մի քանի մետր էլ շեղվի, վնասելու է նույն դպրոցն ու մանկապարտեզը։ Այս մոտեցումը, իհարկե, ահաբեկչական խմբավորումների մոտեցումներ են։ Ահաբեկչական խմբավորումներն են նման ոճով ժողովրդին կենդանի վահան պահում։ Ու եթե կրակոց է լինում, առաջին հերթին խաղաղ բնակիչներն են զոհվում, այ սա մարտավարություն է»,- նկատեց Նահապետյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ի հաջողությունների կամ անհաջողությունների հետ կապված գնահատական տալու համար, նախ պետք է համեմատություն կատարել։
«Այն օպերացիան, որը իրականացնում է Ռուսաստանը, նմանատիպ մի օպերացիա էլ ժամանակին կատարվեց, երբ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը փորձեցին գրավել Իրաքը։ Ի դեպ, Իրաքի բանակը նույն թվաքանակը ուներ, ինչ հիմա Ուկրաինան՝ մոտ 300-350 հազար։ Երբ աչքի ենք անցկացնում, թե ՆԱՏՕ-ի բանակը որքան ժամանակում ինչքան հաջողություն ունեցավ, ուղղակի համեմատելի չէ այն ամենի հետ, ինչ այսօր ռուսական բանակն է անում։ Պատկերացնու՞մ եք, օրը 100 կմ առաջխաղացում են ունենում։ Իսկ այնտեղ օրը 10-15 կմ էր։ Իսկ այն ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը դեռ ռմբակոծում էին նաև խաղաղ բնակավայրերը։ Այսինքն՝ այսօր Ռուսաստանի իրականացրած օպերացիան կարգով շատ ավելի բարձր է, քան գրեթե նույն օպերացիան իրականացրած ԱՄՆ-ի»:
Փորձագետը մեր խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա։
Նահապետյանից հարցրինք՝ հնարավո՞ր է արդյոք, որ սա տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված լինի, կամ, ասենք, Սուրեն Պապիկյանի` վերջերս Մոսկվա կատարած այցով, որտեղ նա հանդիպել էր ՌԴ Զու ներկայացուցիչներին։
«Ես կարծում եմ, որ չէ։ Դա կապ չունի։ Այդպես եմ մտածում, որովհետև կադրային քաղաքականությունը, այնուամենայնիվ, Սուրեն Պապիկյանը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում։ Հնարավոր է խնդիրը կրկին նախկինների հետ է կապված, այսինքն՝ ովքեր որ ստորագրել են վարչապետի հրաժարականի հայտնի թղթի տակ, նրանց խնդիր է դրվել հեռացնել։ Միայն Արտակ Դավթյանը չի ազատվել, նրա հետ էլի ներկայացուցիչներ կային։ Որ համեմատենք, կարծում եմ, պարզ կլինի։ Դե հիմա մի մարդ, որ երկրի կառավարման գործում ոչ գիտելիք ունի, ոչ փորձառություն, սենց պետք է լիներ, ավել բան էիք սպասո՞ւմ։ Երկրի ղեկավարի պաշտոնը իսկապես լուրջ մասնագիտութուն է, իսկ ինքը եղել է ղեկավար զուտ 10 հոգու։ Այդ մարդը կառավարումից 0 գիտելիք ունի, դրա համար էլ նման որոշումներ է ընդունում, զարմանալի չէ»,- հավելեց նա։
Hraparak.am