«Հրապարակ». Սյունիքի նախկին մարզպետն անգործ չի մնա
Երեկ վերջապես Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։ Նա տեւական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։
Իսկ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից, չնայած տեւական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն նա երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել: Երեկ լուր տարածվեց նաեւ՝ որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական:
Hraparak.am