Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «ՊԵտական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և Կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։

Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների սոսկ հինգ տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։

ՀՀ կառավարությունը թվային տնտեսությունը, որպես տնտեսական աճի և կառավարման տեխնոլոգիաների առանցքային հենասյուն, առաջնահերթություն է համարում։ Ծրագրով կարևորվում համակառավարական մոտեցման անհրաժեշտությունը թվային վերափոխման համար՝ խթանելու պարզ, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգերն ու պետական ծառայությունները։ 2021-2025 թթ․թվայնացման ռազմավարությամբ հիմք է դրվում սույն մոտեցման մշակման և իրականացման համար։

«Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ «Պարզեցված և թվայնացված բիզնես գործընթացները խթանում են ռեսուրսների արդյունավետությունը և բարձրացնում պետական ծառայությունների արտադրողականությունը։ Քաղաքացիներին արդյունավետ և հասանելի ծառայություններ մատուցելու ունակ՝ ավելի գործուն պետական հատվածը նաև հավասարության ավելի մեծ հնարավորություններ է ապահովում և աջակցում է մասնավոր հատվածի արտադրողականությանը»։

Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման, Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։

Երկրորդ բաղադրիչն օժանդակում է թվային պետական ծառայությունների մատուցմանը, որի առանցքում հարկային և մաքսային վարչարարության համակարգերն են՝ եկամուտների մոբիլիզացման արդյունավետության բարձրացման և կառավարության կողմից ծառայությունների տրամադրումն ամրապնդելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմիններին տվյալների շտեմարանների, տվյալների ենթակառուցվածքի և հաշվողական համակարգերի վերակազմակերպման հետ կապված փորձնական աշխատանքների միջոցով օժանդակելով՝ դրանք կհամապատասխանեցվեն պետական կառավարման մարմինների բիզնես գործընթացներին։

Երրորդ բաղադրիչն օժանդակում է ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիական հենքին՝ բարելավելով և հզորացնելով տվյալների ղեկավարումը/կառավարումը, ամպային հաշվողական հնարավորությունները, կիբերանվտանգությունը և արհեստական բանականությունը։

Առաջարկվող ծրագիրը հենվում է Բանկի օժանդակությամբ նախորդ երեք գործառնությունների ձեռքբերումների վրա, որոնց առանցքում Հայաստանի պետական հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացումն էր՝ ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։

Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո (29․9 միլիոն դոլարին համարժեք) գումարով ՎԶՄԲ վարկը կտրամադրի փոփոխական սպրեդով, 14․5 տարվա արտոնյալ ժամկետով և 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով։ Կառավարության մասնակցությունը 5․3 միլիոն եվրո է (6 միլիոն դոլարին համարժեք)։

1992 թ․Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2,477,870 միլիոն դոլար։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն