Կիմ Չեն Ընի քույրը «սխալ» է համարել ԿԺԴՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ակնկալիքները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը եւ ԿԺԴՀ-ի կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ ճիշտ սպասելիքներ ունի ԿԺԴՀ-ից։
«Սպասումը, որը նրանք ընտրել են, սխալ ճանապարհ է, որը նրանց կգցեր էլ ավելի մեծ հիասթափության մեջ»,-ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներում: «Երեւում է՝ ԱՄՆ-ը կարող է իրադրությունն այնպես մեկնաբանել, որպեսզի իր համար սփոփանք գտնի»,-հավելել է նա: Այսպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պատասխանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանին, որը հունիսի 20-ին հայտարարել է, թե «հետաքրքիր ազդակ» է տեսնում վերջերս Կիմ Չեն Ընի խոսքում, որը վերաբերում է ինչպես առճակատմանը պատրաստվելուն, այնպես էլ ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը: Ներկայում այցով Սեուլում է գտնվում ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը:
Իր հարավկորեացի եւ ճապոնացի գործընկերների հետ հունիսի 21-ին կայացած եռակողմ հանդիպմանը նա հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի, թե Փհենյանը կհամաձայնի երկկողմ երկխոսության վերսկսմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: