Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց եւ մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության եւ քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության եւ թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության եւ թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից մեկը։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.
Հարգելի գործընկերներ,
Այսօր մենք անչափ կարեւոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության եւ քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։
Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։
Եւ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետեւ կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ եւ թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է եւ այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել եւ շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն, ատելություն եւ կեղծիք։
Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում եւ ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի եւ դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաեւ հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք եւ լրատվական մանիուպլյացիաներ։
Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության եւ հասարակությանը fake news-ից պաշտպանելու մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասզիմով, անհանդուրժողականությամբ եւ ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող եւ նվաստացնող տեսանյութերով եւ այդ ամենը ողջունող հանրային կարծիքով։