Ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան. Մանդատները չվերցնելը որեւէ հետեւանք չի առաջացնում. Վանեցյան
Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր պայքարից, մենք մեր հայտարարածխ բոլոր սկզբունքներին մնալու ենք անշեղորեն հավատարիմ, շարունակելու ենք հանդես գալ ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Վանեցյանն ասաց. «Որ ասեմ սպասելի էին արդյունքները, ոչ: Բայց ունենք, այն, ինչ ունենք: Վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր դաշինքի ակտիվիստների, շտաբների աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր: Դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունն ստանա քիչ քվե: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր իրավաբանները ուսումնասիրություններ են իրականացնում եւ ըստ անհրաժեշտության կդիմենք դատարաններ»:
Հարցին, թե իրենք վերցնելո՞ւ են մանդատները, Վանեցյանը պատասխանեց. «Եթե որոշում կայացվի, որ Դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, միանշանակ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան եւ շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի մանդատներ չվերցնելը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար: Այսինքն եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»: