ՌԴ-Ն ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՄԱԿՐՈՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Լռության ռեժիմը ռուսական կողմը սահմանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով: ՌԴ-ն Ուկրաինայում հումանիտար միջանցքների մասին տեղեկությունները փոխանցել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցների: Ռուսաստանի ԶՈՒ-ն այդ անգամ հումանիտար միջանցքներով բնակչության տարհանումը կվերահսկի անօդաչուների միջոցով:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼ

Այսօր սպասվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հերթական փուլը։ Ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան լրատվամիջոցներին հայտնել է, որ հերթական փուլը կկայանա լեհ-բելառուսական սահմանին մոտ՝ Բելովեժյան թավուտում: Այսօր սպասվող բանակցությունների մասին ավելի վաղ հայտնել էր նաև Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԴԺԳՈՀԵԼ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է արևմտյան առաջնորդներին՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների ուղղությամբ հնարավոր հարվածների մասին ՌԴ նախազգուշացմանը չարձագանքելու համար: «Ռուսաստանը վաղվա համար պաշտոնապես հայտարարել է, որ գնդակոծելու է մեր տարածքը, պաշտպանական համալիրի ձեռնարկությունները: Ես այսօր աշխարհի որևէ առաջնորդից, արևմտյան որևէ քաղաքական գործչից արձագանք չեմ լսել»,- ասել է նա:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՌԴ-ԻՆ «ԱՆԱԿՆԿԱԼ» Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

«Այս իրավիճակից Ուկրաինան հաղթած է դուրս գալու»,- հայտարարել է երկրի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան նշել է, որ հարցը միայն հաղթանակի գինն է: Արտգործնախարարի խոսքով՝ եթե Կիևը գործընկերներից ստանա անհրաժեշտ աջակցությունը զենքի և պատժամիջոցների տեսքով, ապա դա թույլ կտա Ուկրաինային խնայել մարդկային կյանքեր և ժամանակ: «Հակառակ դեպքում այս ամենի գինը շատ, շատ ավելի բարձր կլինի»,- շեշտել է Կուլեբան: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն էլ հայտարարել է, որ զգալի առաջընթաց կա Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարման հարցում, և Ռուսաստանին «անակնկալ» է սպասվում։

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՈՐԾԱՆԻՉ ՉԻ ՓՈԽԱՆՑԻ

Պաշտոնական Վարշավան հերքել է լուրերը, թե Լեհաստանը պատրաստվում է իր ՄիԳ-29 կործանիչները փոխանցել Ուկրաինային: Լեհաստանի վարչապետի գրասենյակը նման լուրերը որակել է կեղծ և հայտարարել, որ լեհական կողմը նման մտադրություն չունի, ինչպես նաև չի թույլատրի օգտագործել իր օդանավակայանները ռազմական նպատակներով:

ՊԱՅԹՅՈՒՆ ԼՈՒԳԱՆՍԿՈՒՄ

Լուգանսկում այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օբյեկտը գնդակոծվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Լուգանսկի նավթային պահեստի վրա հրթիռային հարձակման փաստի առթիվ։

ՉԻԿԱԳՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԻԵՎԻՆ

Հաջակցություն Ուկրաինայի՝ ԱՄՆ Չիկագո քաղաքում ցույց է անցկացվել: Չիկագոյում մեծ թվով ուկրաինացիներ են բնակվում, բացի դրանից՝ ճանաչվել է Կիևի քույր քաղաք: Ցույցի մասնակիցները պահանջել են ԱՄՆ իշխանությունից՝ ավելի շատ աջակցույթուն ցուցաբերել Ուկրաինային, իսկ ՆԱՏՕ-ին կոչ են արել փակել Ուկրաինայի օդային տարածքը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն