Հաճախ է հնչում տեսակետը, որ Ուկրաինայում անգամ ռազմական հաղթանակի պարագայում, ռազմավարական իմաստով Ռուսաստանը կլինի պարտված. Հակոբ Բադալյան
Հաճախ է հնչում տեսակետը, որ Ուկրաինայում անգամ ռազմական հաղթանակի պարագայում, ռազմավարական իմաստով Ռուսաստանը կլինի պարտված:
Մի քիչ համաձայն չեմ այդ տեսակետին: Ռուսաստանը ոչ թե կլինի ռազմավարական առումով պարտված, այլ Ռուսաստանն արդեն իսկ ռազմավարական առումով պարտված է եւ հենց դրա հետեւանքով է, որ իրավիճակը կարող էր հասցնել Ուկրաինայի դեմ այս խելահեղ թվացող պատերազմին:
Ավելին, Ռուսաստանի՝ ռազմավարական առումով պարտված լինելու ցուցիչ ու հետեւանք էր նաեւ 44-օրյա պատերազմը, որովհետեւ միայն ռազմավարական առումով պարտվածը կարող էր թույլ տալ Թուրքիային «անցնել» Արաքսն ու իր ռազմավարական դաշնակից համարվող սուբյեկտի նկատմամբ ռազմական հաղթանակով կիսել իր կենսական շահերի գոտի Կովկասը:
Իսկ Ռուսաստանի ռազմավարական պարտությունը սկսեց այն ժամանակ, երբ նախագահ Պուտինի գլխավորությամբ ընտրվեց Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ դիմակայության կուրս, չունենալով դրա համար բավարար ռազմա-քաղաքական եւ տնտեսա-տեխնոլոգիական ռեսուրս: Երբ ռազմավարական հավակնությունդ գերազանցում է դրան համարժեք ռեսուրսային բազադ, դա արդեն պարտություն է, որը կարող է իր դրսեւորման առումով ձգվել կամ տարալուծվել ժամանակի եւ տարածության մեջ, բայց դրանից չի փոխվում էությունը:
Ռազմավարական պարտության ակոսից դուրս գալու մղումով է թերեւս Պուտինը գնացել ուկրաինական «վա-բանկին»: Կստացվի՞, թե ոչ: Կախված է ոչ միայն Ռուսաստանից:
Հակոբ Բադալյան