Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծման վերաբերյալ:
«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես նշվել է Սմոլենսկայա հրապարակում՝ Լավրովն ու Բայրամովը գոհունակությամբ են նշել, որ չնայած համավարակի բացասական ազդեցությանը՝ ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և առևտրատնտեսական փոխգործակցությունն աճում է:
Կողմերը պայմանավորվել են նաև արտգործնախարարությունների միջոցով հետագա շփումների շուրջ: