Իմ շրջապատում շատերը գիտեն, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կատաղությունից ինչեր եմ ասել իմ վրացի, ուկրաինացի, հրեա, ռուս, անգլիացի, ամերիկացի, եվրոպացի գործընկերներին, պաշտոնյաների, դիվանագետների, բշտել, հանդիմանել ու մեղադրել մեր հետ կատարվածի համար։ 

Ուկրաինացի դեսպան ընկեր ունեի, մարդկային տեսակով բաց, ընկերասեր, շփվող (որեէ մայրաքաղաքում տեսնելուց ես իրեն ու կնոջը կոնյակ էի տանում, իրենք ինձ' սալ եւ ուկրաինական խմիչք բերում), որի հետ կապերս խզեցի պատերազմի օրերին Թվիթերում այլանդակ բանավեճի արդյունքում, ում տասնյակ հազար հետեւորդներ ունեցող պատին հազարավոր  ուկրաինացիներ վրա էին տվել ու իրենց տեսակետից իրենց ճշմարտությունն էին ասում... 

Ի դեպ, ես հենց այդ շրջանում բավական բարձր մակարդակի պաշտոնյաների հետ իմ բազարներից գիտեի, որ ֆոսֆորի թեման իրենց վրա բարդված է... Բայց... ուկրաինա-ադրբեջանական քաղաքական մտերմությունից զատ մեծ բայց կա... այդ երկրում անթիվ անհամար ուկրաինացիներ շատ հայասեր են, քրիստոնեա են, շատ լավ ռեսուրս են եղել հայկական հզոր լոբի ձեւավորելու համար, ինչը չենք արել, իսկ Ադրբեջանն իրենն արել է... 

Բայց այսքան երկար նախաբանը մի բանի համար եմ գրել. անհնար է ոչ միայն թերագնահատել, այլ անգամ չհիանալ իր տան, իր պետության, անկախության, ինքնիշխանության համար կռիվ տվող այդ ժողովրդով...

Իսկ եթե չեն հիանում, առնվազն զավեշտալի է լսել մեղադրանքներ ու ակնարկներ, թե ինչու են պաշտպանվում, ինչու են իրենց տունը ատամներով պաշտպանում ու վերացնում այդ տան վրա եկողին.։  Կրկնեմ, սա այն թեման չէ, որտեղ նորմալ մարդը այդ երեկույթին մոտենա "հասնում է, բա ֆոսֆորը, բա լավ էր որ մեզ հետ էին անում" ու այս կարգի ապաքաղաքական, կներեք' մի փոքր աբիժնիկական փաստարկներով... 

Այդ աբիդան բոլորս ենք ունեցել, ունենք, միշտ ունենալու, բայց, կներեք էլի, այդ աբիդայի պրիզմայով չէ, որ պետք է գնահատական տանք Ուկրաինայի հերոսամարտին։ Իհարկե, իմ հարաբերությունները ուկրաինացի ընկերներիս հետ այլես նույնը չի լինելու, ինչ մինչ պատերազմն էր... 

Ես չգիտեմ էլ, որ եթե նորից որեէ մայրաքաղաքում հանդիպենք, իմ ու իրենց առաջին նախադասությունները որոնք են լինելու' փոխադարձ կշտամբանք, կսմիթ, ցավակցություն, մեղայական, կարեկցանք, թե լռություն... 

Բայց ես դպրոցից իմ պատմության դասագրքերից սովորել եմ, որ ազատության համար կենաց մահու կռիվ տվող ժողովուրդները գեղեցիկ են, հարգանքի արժանի են։ Ինձ ու բոլորիս սովորացրել են, որ քո հայրենիքի, տան վրա ձեռք բարձրացնողի դեմ պետք է դուրս գալ զենքով, ինչը անում է նաև ուկրաինացին։ Ու եթե ինձ սովորեցրել են, որ ճիշտ վարքագիծը դա է, ինչպես ես կարող եմ ուկրաինացուն մեղադրել, որ հենց դա է անում? Ու ապշում եմ, որ տեսնում եմ սերնդակից հայերի, ավելի ավագ կամ կրտսեր հայերի, որոնց վերլուծություններում "ճիշտը հանձնվելն է"։ Տղերք, դուք որ դպրոցներում եք սովորել? Որ մեդրեսեներում? Որքան հիշում եմ, մեր դասագրքերում ու դասաժամերին փառաբանվում էր հայրենիքի ու ազատության պաշտպանությունը կենաց մահու գնով' կլիներ դա սովետական հայրենիքը, Սպարտա թե Սարդարապատ ու Ավարայր... Չլինի Հայաստանում այլ դպրոցներ ու դասագրքեր էլ են եղել, որտեղ այդ ամենը դատապարտվել է...

Ստյոպա Սաֆարյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն