Թուրքիան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների է ուղարկել Ուկրաինա
Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության աղբյուրը:
Աղբյուրը հիշեցրել է, որ Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Արցախի դեմ ռազմական գործողությունների մասնակցելու համար, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
«Թուրքիան գրոհայինների մի մասին Սիրիայից և այլ երկրներից Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա` ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար», - ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` Ուկրաինա ժամանած գրոհայինները մտել են Ուկրաինայի իշխանությունների կողմից ստեղծված օտարերկրյա լեգիոնի մեջ` ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:
Tert.am