Պուտինը եւ Ալիեւը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործոնները
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը եւ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձեւաչափով աշխատանքների ակտիվացմանը:
Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են իրենց փոխըմբռնումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: