Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակի հարցը. Իգոր Ժովկվա
Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, եթե խոսքը վերաբերում է ամենաբարձր մակարդակով բանակցություններին։
Գերմանական ARD հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ ուկրաինական կողմը չի պատրաստվում ընդունել որևէ վերջնագիր հիմնարար հարցերի շուրջ:
«Բայց մնացած ամեն ինչ կարելի է քննարկել, օրինակ՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը: Մեզ պետք են ամուր երաշխիքներ, որպեսզի իրավիճակը չկրկնվի, և՝ ոչ միայն Ուկրաինայի համար։ Գերմանիայում մարդիկ պետք է հասկանան, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնենք Ուկրաինայի սահմանների մոտ, նա առաջ կգնա»։
Միաժամանակ Ժովկվան հավելել է, որ նման բանակցություններ վարելու համար ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է պահանջում իր հարևաններից, այդ թվում՝ Ռուսաստանից, որպեսզի ստեղծված իրավիճակը երբեք չկրկնվի, ինչպես նաև չխախտվեն պայմանավորվածությունները, ինչպես եղավ Բուդապեշտի հուշագրի հետ։
Պաշտոնյայի խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելուն պետք է օգնեն միջազգային գործընկերները։ Այժմ Կիևը խորհրդակցում է այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
1lurer.am