Ռուսաստանը պետք է ամբողջությամբ անջատվի SWIFT-ից․ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը խոստացել է արագացնել աշխատանքը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ Ռուսաստանին ավելի մեկուսացնելու համար, ինչպես նաև կողմ է արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացմանը։
«Մենք կարագացնենք մեր աշխատանքը՝ ստեղծելու տնտեսական և անվտանգության դաշինքներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի ավելի մեկուսացնենք Ռուսաստանը», - ասել է նա Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, Թրասը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման օգտին:
«Մենք գիտենք, որ եթե Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, դա աղետալի հետևանքներ կունենա եվրոպական և համաշխարհային անվտանգության համար: Հետևաբար, մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ և ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատել SWIFT-ը և ապահովել, որ G7-ի երկրները հրաժարվեն ռուսական նավթից և գազից», - ասել է Թրասը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության և դա չի դիտարկվում։
Tert.am