Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հինգշաբթի հանդես կգա ելույթով, որում  Արևմուտքին կասի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելի կոշտ լինելու և Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի վրա «համաշխարհային ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»:

Ինչպես գրում է Reuters-ը, Թրասսը, որն այժմ այցով ԱՄՆ-ում է, Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնում ելույթի ժամանակ կասի, որ Պուտինը «կոտրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը»:

«Մենք պետք է գործենք հիմա: Դա նշանակում է լինել կոշտ, քանի որ մենք գիտենք, որ դա չանելու դեպքում հատուցման գինը կբարձրանա», - նշված է պաշտոնյայի ելույթի տեքստում, որից որոշ հատվածներ հայտնվել են Reuters-ի տրամադրության տակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն