ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ փոխանցելու՝ Լեհաստանի առաջարկին. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակին հայտնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Վաշինգտոնի միջոցով Կիևին ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ Պենտագոնը հանգել է այն եզրակացությանը, որ ներկա պայմաններում Ուկրաինային ռազմական ինքնաթիռների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես էսկալացիային ուղղված քայլ, ինչը մեծացնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության վտանգը:
Միևնույն ժամանակ Քիրբին հավելել է, որ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն միակողմանիորեն որոշումներ ընդունելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Մենք պարզապես կարևոր համարեցինք հստակ շարադրել ՄիԳ-29-երի հետ կապված մեր մտահոգությունը, քանի որ այդ առաջարկը նախատեսում էր ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինքնաթիռների փոխանցում»,- հավելել է Քիրբին։
1lurer.am