Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է նաև Հայաստանի Կենտրոնական բանկին՝ խնդրելով կասեցնել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերի հետ կապված բոլոր գործողությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերին՝ խնդրելով կասեցնել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերով բոլոր գործառնությունները: Ուղերձում ասվում է, որ Ուկրաինայի Կենտրոնական բանկը խնդրել է վերոնշյալ բանկերին դադարեցնել իրենց բանկոմատներում «Мир» քարտերի ընդունումը և անհնար դարձնել այդ քարտերի օգտագործումը էլեկտրոնային առևտրի, նաև ֆիզիկական անձանց միջև փոխանցումների դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը մարտի 6-ի գիշերը հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցման մասին: Այն բանից հետո, երբ ընկերությունները կասեցնեն ՌԴ-ում բոլոր գործողությունները, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն աշխատի արտասահմանում:

Ռուսաստանում չեն աշխատելու քարտեր, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից։ Ռուսական բանկերի կողմից թողարկված բոլոր Visa և Mastercard քարտերը կշարունակեն աշխատել ՌԴ տարածքում սովորական ռեժիմով՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: ԿԲ-ում նշել են, որ երկրում թողարկված Visa և Mastercard քարտերով արտասահմանյան ինտերնետ-խանութներում պատվերների համար վճարել չի ստացվի։ Արտասահման մեկնելու համար Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս կանխիկացնել կամ օգտագործել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտը։ Ռուսական վճարային համակարգի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, «Мир» քարտերն ընդունում են Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Վիետնամը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը և Կիպրոսը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։

Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն