Կուլեբան հայտարարել է Մոսկվայի պահանջները կատարելուց Կիևի հրաժարվելու մասին
Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջները։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է TACC-ը։
«Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում և չի հանձնվելու»,- ընդգծել է նա։
Ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումների, բայց առայժմ չի տեսնում, ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
«Մենք պատրաստ ենք դիվանագիտական լուծումների, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերվելով, պաշտպանելու ենք մեր հողը»,- ասաց նա։
Կուլեբան ասել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել են հրադադարի հարցը և պայմանավորվել են ուղիներ փնտրել հումանիտար խնդիրների լուծման համար։
«Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձևաչափով, եթե լինեն արդյունավետ քննարկման և լուծումներ գտնելու հեռանկարներ»,- ասաց նա։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների համար Անթալիա է եկել երկու առաջադրանքով՝ Մարիուպոլից մարդասիրական միջանցք կազմակերպելու և 24-ժամյա զինադադարի։
Կուլեբան ընդգծել է, որ անհրաժեշտ է առարկայական խոսակցություն՝ առանց կլիշեների։ «Երբ ռուսական կողմը պատրաստ լինի, ես նույնպես պատրաստ կլինեմ դա շարունակել։ Մենք ամեն ինչ անելու ենք խաղաղության համար»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Armeniatoday.news