Հինգշաբթի Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ «սև ցուցակում» ներառելով ևս յոթ ռուսաստանցի մեծահարուստի:

Թագավորության ԱԳՆ հրապարակած փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների են ենթարկվել  «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, գործարար Օլեգ Դերիպասկան (EN+ Group), «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Այս բոլոր անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք արգելված է, երկրում նրանց ակտիվները ենթակա են սառեցման։ Նրանց նաև արգելված է գործարքներ կնքել բրիտանական անհատների և կազմակերպությունների հետ, ինչը կարող է շատ ավելի դժվարացնել Աբրամովիչի համար «Չելսի»-ի վաճառքը: Սահմանվել է նաև, որ «սև ցուցակից» ռուսաստանցիներին պատկանող ինքնաթիռները կարող են առգրավվել բրիտանական իշխանությունների կողմից, եթե նրանք հայտնվեն թագավորության տարածքում, նույնիսկ եթե սեփականատերը ինքնաթիռում չլինի։

«Պուտինին և նրա շրջապատին մեկուսացնելու Միացյալ Թագավորության կառավարության ջանքերի շրջանակներում կսառեցվեն այդ օլիգարխների ակտիվները Մեծ Բրիտանիայում, որոնք կազմում են մոտ 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Նրանց արգելվում է ճանապարհորդել այստեղ, իսկ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կամ ընկերությունները չեն կարող նրանց հետ բիզնես վարել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մեկնաբանելով կիրառված պատժամիջոցները, խոստացել է շարունակել հալածանքները Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր աջակցում են Ուկրաինայում ռազմական գործողությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն