Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է հացադուլը դադարեցնելու մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը բանտում։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«20-րդ օրը ես դադարեցնում եմ իմ հացադուլը: Այժմ մեզ պետք է ողջախոհություն, առողջություն և լիարժեք մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն: Մենք պետք է դիմավորենք մեր հաղթանակը լիակատար պատրաստակամությամբ»,- հինգշաբթի գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել հոկտեմբերի սկզբին երկրում կայանալիք մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից առաջ, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Վրաստանի նախկին ղեկավարը հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։
Նոյեմբերի 20-ին նա Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հոսպիտալից տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ, ուր ընդունվել է նոյեմբերի 8-ին։ Սաակաշվիլին այս պահին հացադուլ չի անում և բուժում է անցնում հիվանդանոցում։
Նախկին նախագահը լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն կայացվել են դատավճիռներ։ Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։
Հոկտեմբերի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանի ապօրինի հատման համար, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Վերջին տարիներին նախկին նախագահը բնակվում էր Ուկրաինայում և ունի այդ երկրի քաղաքացիություն։
Armeniatoday.news