Անթալիայում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը
Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների ավարտից հետո Սերգեյ Լավրովը և Դմիտրո Կուլեբան հանդես են եկել առանձին մամուլի ասուլիսներով։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել բարեկամ, ապառազմականացված Ուկրաինա, Ուկրաինա, որտեղ չեն արգելվի ռուսերենը և ռուսական մշակույթը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, այլ ցանկանում է միայն դադարեցնել պատերազմը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք այլ երկրների վրա հարձակվելու մտադրություն չունենք, մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել։ Բազմիցս նշել ենք՝ Ուկրաինայում մի իրավիճակ էր ստեղծվել, որը սպառնում էր Ռուսաստանի անվտանգությանը։
ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով՝ եռակողմ բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են հումանիտար հարցեր։ «Մենք չենք եկել այստեղ արժեզրկելու կամ փոխարինելու Բելառուսի տարածքում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները․ հենց այնտեղ են քննարկվում ճգնաժամը հաղթահարելու գործնական ճանապարհները, այն է՝ ապառազմականացում, ապազգայնականացում, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ և այլ հարցեր»,- հստակեցրել է Լավրովը:
Սերգեյ Լավրով - Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումները՝ իրավական փաստաթղթի նախագծի տեսքով։ Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ առաջիկայում դրանց կպատասխանի:
Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնարավոր բանակցություններին, Լավրովը նշել է, որ ռուսական կողմը չի հրաժարվել նման շփումներից, սակայն ցանկանում է, որ դրանք ինքնանպատակ չլինեն:
Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ նախարարը վստահեցրել է՝ Ռուսաստանը դրանք կհաղթահարի։ «Մենք առողջացած դուրս կգանք այս ճգնաժամից՝ առանց պատրանքների, թե Արևմուտքը կարող է վստահելի գործընկեր լինել։ Մենք ամեն ինչ կանենք, որ Արևմուտքից կախում չունենանք»,- եզրափակել է Լավրովը։
Դմիտրո Կուլեբայի բնորոշմամբ՝ ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել: Նա վերահաստատել է, որ Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծումներին, սակայն առայժմ նման լուծումներ չկան:
Դմիտրո Կուլեբա (Ուկրաինայի ԱԳ նախարար) - Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի առաջադրած պահանջները։ Ես Անթալիա եմ ժամանել երկու առաջադրանքով՝ Մարիուպոլից մարդասիրական միջանցքի բացում, 24-ժամյա հրադադարի հաստատում:
Շոշափելի արդյունքների մասին արտգործնախարարը չի հայտնել՝ նշելով միայն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը՝ հակամարտության գոտում առկա հումանիտար հարցերին լուծում տալու համար:
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկելու անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը:
Դմիտրո Կուլեբա (Ուկրաինայի ԱԳ նախարար) - Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի արձագանքը ռուսական ագրեսիային, ՆԱՏՕ-ն պատրաստ չէ գործել հավաքական կերպով՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը մինչև ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցությունը: Մենք պատրաստ ենք քննարկելու անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կարող են տրամադրել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաև մեր հարևանները, ներառյալ Թուրքիան:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինան այժմ գտնվում է անվտանգային վակուումի մեջ, և առաջնային խնդիրը հենց անվտանգության ապահովումն է:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակին հայտնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Վաշինգտոնի միջոցով Կիևին ռազմական ինքնաթիռներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկին:
Պենտագոնը հանգել է այն եզրակացության, որ ներկա պայմաններում Ուկրաինային ՄիԳ-29 ինքնաթիռների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես էսկալացիային միտված քայլ, ինչը մեծացնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության վտանգը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ ՄիԳ-29-ի մասով Լեհաստանի նախաձեռնությունը մտահոգիչ է:
ՆԱՏՕ-Ն ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, հակառակ դեպքում այն կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին էլ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք փորձում ենք կանխել էսկալացիան»,- ասել է պաշտոնյան։
Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին՝ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին: «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը»,- նշել է դիվանագետը:
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԶԵՆՔ ԿՐԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որի համաձայն բոլոր ուկրաինացիներին թույլատրվում է ռազմական դրության պայմաններում զենք օգտագործել։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք օրինական հիմքերով գտնվում են երկրում, կարող են ստանալ հրազեն և զինամթերք։
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Պեսկովը նշել է՝ բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն ռուս զինվորականների վրա, կթիրախավորվեն:
VISA-Ն ԵՎ MASTERCARD-Ը ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՌԴ-ՈՒՄ
Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը մարտի 10-ից դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում։ Ռուսական բանկերի կողմից թողարկված այս համակարգերի քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանի տարածքում, սակայն երկրի սահմաններից դուրս դրանցով վճարումներ կատարել այլևս հնարավոր չի լինի։
Հասանելի չեն լինի նաև անդրսահմանային գործարքները, այդ թվում՝ արտասահմանյան առցանց խանութներից գնումները։ Visa և Mastercard համակարգերի քարտերը հնարավոր չի լինի օգտագործել Apple Pay և Google Pay ծառայություններից օգտվելու համար:
1lurer.am