ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում
Մարտի 10-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Զրույցի ընթացքում Ա․Օվերչուկը շնորհավորել է Վ․Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Վ․Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա․Օվերչուկին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանը։
ՌԴ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական բազմոլորտ համագործակցության ընթացքից՝ ընդգծելով դրա ողջ ներուժի զարգացման կարևորությունը։ Բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում և տարածաշրջանի առանցքային հարցերում։
Tert.am