Սերբիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-սերբական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Պանայոտովիչ-Ցվետկովիչը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունն ու նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հեռանկարները:
1lurer.am