Երբ իմացանք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանին է մակագրվել «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցի քննությունը, մեր բոլոր գործընկերներն ասում էին, որ կալանավորումը միեւնույն է՝ տալու է։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։
Ըստ պաշտպան Արամ Վարդեւանյանի՝ եթե խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկը կար, ապա Չարչյանը 2 օր ազատության մեջ է եղել, սակայն նման քայլի չի գնացել. «Հայաստանի Հանրապետությունը կմնա պատմության մեջ, որ ունենալով նման անվանի բժիշկ, որով կարելի է հպարտանալ, ՀՀ իշխանությունների պատվերով նման մարդիկ կալանավորվում են։ Դատարանը որոշումը հրապարակեց երեկոյան՝ 21։00-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ երեկ՝ 00։00-ին, եթե մարդը խոչընդոտելու ցանկություն ունի, դատարանն էլ 9 ժամից ավելի որոշում է գրում, բայց պետք է հրատապ մի բան անի, որովհետեւ մարդը կարող է խոչընդոտել։ Սա աբսուրդ է։ Պատահական չի, որ վերջերս աբսուրդների հեղինակը լինում է Արմինե Մելիքսեթյանը։ Դատավորը, որը դատավորի կարգավիճակի հետ առնչություն չունի»։
Վարդեւանյանը նշեց, որ այս փուլում մակագրություններն իրականացվում են դատարանի նախագահի ցանկությամբ, ոչ թե էլեկտրոնային համակարգով. «Դատարանի նախագահն ինչո՞ւ ցանկացավ, որ քննի հենց Արմինե Մելիքսեթյանը։ Պատահականություն չէր։ Երբ իմացանք, որ Մելիքսեթյանին է մակագրվել, մեր բոլոր գործընկերներն ասում էին, որ կալանավորումը միեւնույն է՝ տալու է։ Սա նշանակում է՝ քաղաքական պատվերի ի կատար ածելը։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին օրերին, ողջ 3 տարվա տրամաբանության մեջ է»։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Չարչյանը կալանավորվել է մեկ ամսով։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։