Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի ցորենի և շաքարավազի արտահանումը
Ռուսաստանը ժամանակավոր արգելք կկիրառի հացահատիկի ու շաքարավազի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը: Հացահատիկի արտահանման սահմանափակումները կվերաբերեն ցորենին, տարեկանին, գարուն ու եգիպտացորենին:
Բացի դրանից՝ որոշում է ընդունվել նաև ժամանակավոր արգելք կիրառել ՌԴ-ից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի արտահանման համար։ Երկու սահմանափակման դեպքում էլ վերջնաժամկետ է ընտրված ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը:
«Որոշումները միտված են երկրի պարենային անվտանգության ապահովմանը և ներկա պայմաններում կօգնեն պաշտպանել ներքին շուկան։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության հնարավորությունները պահպանվում են»,- ասել է Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ ԵԱՏՄ երկրներ նշված ապրանքների արտահանումը հնարավոր կլինի իրականացնել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած հավաստագրով:
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներն արդեն բավարար հացահատիկ են ձեռք բերել սեփական ներքին շուկայի համար: Ուստի սահմանափակումը նպատակ ունի կանխել ռուսական հացահատիկի «հոսքը» ԵԱՏՄ երկրներից դեպի երրորդ երկրներ:
1lurer.am