ԿԲ-ի արձագանքը «Միր» քարտերը չսպասարկելու Ուկրաինայի կոչի մասին
ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին։
«Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:
«Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,- հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից:
Ուկրաինայի ազգային բանկի առաջարկը մասնավորապես վերաբերում է բանկոմատների, POS տերմինալների ցանցերում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և փոխանցումների համար դրանց օգտագործումն անհնարին դարձնելուն։
Armeniatoday.news