Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին պահպանել հանգստություն և զերծ մնալ ինքնագործունեությունից։

«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ։

Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է: 

Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»,- ասված է հայտարարության մեջ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն