Երեքշաբթի օրը Ֆրանսիայում Elabe կենտրոնի կողմից իրականացված սոցհարցումը որոշակիորեն պարզել է, թե Ֆրանսիայում առաջիկա ապրիլին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջադրված 12 թեկնածուներից ում են նախընտրում իրենց քվեն տալ շարքային ֆրանսիացիները։ Արդյունքները բավական հետաքրքրական են։ 

Շնորհիվ ուկրաինական իրադարձությունների դրամատիզմի, գործող նախագահ Էմանուել Մակրոնը նկատելիորեն բարելավել է դիրքերը։ Նա գլխավորում է ֆավորիտ թեկնածուների ցանկը։ Նկատելի է նաեւ Ժան-Լյուկ Մելանշոնի դիրքերի բարելավումը, ինչը չենք կարող ասել Էրիկ Զեմուրի, Մարին Լը Պենի եւ Վալերի Պեկրեսի պարագայում։ Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում տեղի է ունենալու ապրիլի 10-ին, իսկ գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է։ Մեկ շաբաթում նա իր դիրքերը բարելավել է 8,8 տոկոսով՝ ի հաշիվ այն մարտավարության, որը որդեգրել է։ Մակրոնը, կարելի է ասել, լավ է հասկացել ֆրանսիական հասարակության տրամադրությունները եւ իր նախընտրական արշավի հիմքում դրել է ուկրաինական իրադարձությունները։

Այսպես, Մակրոնի օգտին առաջին փուլում պատրաստ է քվեարկել քաղաքացիների 33,5 տոկոսը, այն դեպքում, երբ նախորդ շաբաթ ընդամենը այդ թիվը 25 տոկոս էր։ Մարին Լը Պենը 15 տոկոսով պահպանել է երկրորդ հորիզոնականը, սակայն անցյալ շաբաթ նրա օգտին պատրաստ է եղել քվեարկել ընտրողների 17 տոկոսը, հետեւաբար, նա կորցրել է 2 տոկոս։ Էրիկ Զեմուրի օգտին այս շաբաթ պատրաստ է քվեարկել ընտրողների 11 տոկոսը, այն դեպքում, երբ անցյալ շաբաթ նրան պատրաստ էր քվե տալ ընտրողների 14 տոկոսը։ Ժան-Լյուկ Մելանշոնն ընդհանուր ցանկում երրորդն է։ Անցյալ շաբաթ նրան պատրաստ էր քվե տալ ընտրողների 12,5 տոկոսը, այս շաբաթ՝ 13։ Բարելավումը թեեւ 0,5 տոկոս է, սակայն դա էլ վատ չէ, եթե հաշվի առնենք, որ ձախակողմյան ուժերը հիմա այնքան էլ լավ վիճակում չեն։

Աջ կենտրոնամետ հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսին այս շաբաթ պատրաստ է քվե տալ ընտրողների 10,5 տոկոսը՝ այն դեպքում, երբ անցյալ շաբաթ նրա օգտին քվեարկողների թիվը 12 տոկոս էր։ Կորուստը կազմում է 1,5 տոկոս։ Ֆրանսիացի վերլուծաբանները կարծում են, որ երկրորդ փուլում հնարավոր է «ընտրական մենամարտի» մեջ մտնեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Եթե նման բան լինի, ապա երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը նկատելի կլինի։ Գործող նախագահին երկրորդ փուլում, այս շաբաթվա տվյալների համաձայն, պատրաստ է ձայն տալ հարցվածների 61 տոկոսը, ինչը 3,5 տոկոսով ավելի էր անցյալ շաբաթվա տվյալների համեմատությամբ։ Եթե երկրորդ փուլում «ընտրական մենամարտի» դուրս գան Մակրոնն ու Զեմուրը կամ Մակրոնն ու Մելանշոնը, կրկին տոկոսային տարբերությունը մեծ կլինի։

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի գործող նախագահի հեղինակությունը բավական աճել է։ Հարցված ֆրանսիացիների 69 տոկոսը կարծում է, որ Մակրոնը դինամիկ նախագահ է, 61 տոկոսի կարծիքով՝ նա խիզախ է, 55 տոկոսը համոզված է, որ գործող նախագահը կոմպետենտ է։ Ի դեպ, ֆրանսիացիների 66 տոկոսի կարծիքով՝ նա գոռոզ նախագահ է, իսկ 47 տոկոսը կարծում է, որ չափազանց էմոցիոնալ է։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն