Չեմ հավատում, որ Փաշինյանը փոխվել է, եթե ուզում եք որոշ փոփոխություններ դեպի լավը, ապա պետք է սկսել կադրային փոփոխություններից․ Նիկոլայ Բանին
Առաջին տեղում ՝ «Քաղաքացիական պայմանագիր», երկրորդում ՝ «Հայաստան» դաշինք, երրորդում ՝ «Պատիվ ունեմ», չորրորդում ՝ «Բարգավաճ Հայաստան»․ Ռուսաստանում գործող Անդրկովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի խոսքով՝ ինքը ակնկալում էր, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում:
Նա Tert.am-ի հետ զրույցում նաև նկատեց՝ նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր և իրականում ընթանում էր Փաշինյան-Քոչարյան պարադիգմով:
«Ճիշտ է, ենթադրվում էր, որ այդ պայմաններում իշխող ուժը կզբաղեցներ առաջին տեղը՝ սակայն առանց այդքան նշանակալի արդյունքների: Այսինքն ՝ չէր լինի 50+ և կլիներ որոշակի կոալիցիոն ձևաչափերի ձևավորման տարբերակների տարածք: Սակայն տեղի ունեցավ, ինչպես բոլորս տեսանք, այլ բան»,- ասաց նա։
Նիկոլայ Բանինի նկատառմամբ՝ տեղի ունեցան նաև տեղական անակնկալներ. նույն «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունների գնաց առանց նախկին առանցքային լոկոմոտիվների, առաջին հերթին Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և այլոց: «Իմ կարծիքով, ԲՀԿ տասնյակում նման անձանց բացակայությունը միանշանակ բացթողում էր: Մյուս ուժերի համար էլ, սակայն, ինչպես պարզվեց, ամեն ինչ այնքան էլ սահուն չէր»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե ինչպես է ընկալվում Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, ռուսաստանի վերլուծաբանը նշեց, որ ինքը չի հավատում, որ ՀՀ վարչապետը փոխվել է։ «Եթե անգամ որոշ փոփոխություններ է կրել իր ներքին հրամայականներում, այնուամենայնիվ, հարցերի մեծ մասը լուծում են երկրորդ էշելոնի ղեկավարները: Մտավախություն կա, որ «Քաղաքացիական պայմանագրի» նույն ցուցակը պայմանականորեն «Սորոս» / «հայրենասերներ» հարաբերակցությամբ պահպանել է նախկին համամասնությունը: Այս համատեքստում, եթե ուզում եք որոշ փոփոխություններ դեպի լավը, ապա պետք է սկսել կադրային փոփոխություններից»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է փոխել նաև առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որոնք ոչ միայն կոմպետենտ չեն, այլ նաև բացահայտ «արևմտյան» թիմի անդամ են։
Խոսելով նրա մասին, թե ինչպիսին կարող են լինել հայ-ռուսական հարաբերություններն այս ընտրություններից հետո, Նիկոլայ Բանինը նշեց՝ դրանց նկատմամբ մոտեցումը պետք է լինի համակարգված:
«Դա կապված չէ անհատ «մենեջերների» անհատականությունների հետ: Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանը, կապ չունի գործող ղեկավարության հետ, այն առաջին հերթին դաշնակից է ՝ առանց կապված լինելու որոշակի անհատների հետ: Մեր ժողովուրդների միջև կա բարեկամություն և փոխադարձ կապվածություն: Դրանք պետք է համախմբվեն և զարգանան ինստիտուցիոնալ և օրենսդրական մակարդակներում: Ընտրարշավում փորձեր էին արվում ներկայացնել, թե Մոսկվան, կախված նրանից, թե ով է ղեկին, այլ կերպ կվարվեր: Հաճախ նման թեզերը հակառակ արդյունքն էին ունենում, և հարցեր էին առաջացնում բուն Մոսկվայի համար: Նման մանիպուլյացիաները նույնպես պետք է հաղթահարվեն կառուցողական, հրապարակային ձևով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հաղթահարել Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, ապա ըստ նրա, դա ամենադժվար հարցն է։ Նկատեց, որ ավելի քիչ, քան մեկ տարի առաջ ՀՀ ներքաղաքական դաշտում շատ հարցեր կային, երբեմն նույնիսկ թվում էր, որ ղեկավարությունը չի դիմանա, կփոխվի:
«Ընտրությունները, իհարկե, ցրեցին նկատառումներից մի քանիսը: Բայց դրանք իրենք դարձան առանձին քննարկման առարկա: Իշխանություն / ընդդիմություն համամասնությունը Ազգային ժողովում, համարեք, չի փոխվել: Արդյո՞ք արդար է ձայների այս վերաբաշխումը: Արդյո՞ք դա համարժեքորեն արտացոլում է ժողովրդի վստահության քվեն: Ես կցանկանայի հավատալ, որ նրանք, ովքեր դրա կարիքն ունեին, քաղեցին քաղաքական վեճերի և խառնաշփոթի դասը, որ այլևս չեն լինի բացահայտ քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, բանտարկություններ, որ կլինեն ավելի կառուցողականություն, միջկուսակցական նոր հարթակներ ստեղծելու, երկխոսություն հաստատելու փորձեր: Բայց այս ամենը քննարկման առարկա է: Հիմա, մի կողմից, հնարավոր է փորձ կատարել «Հայաստան» դաշինքի կողմնակիցներին ցած նետելու, առանց նրանց «լայն» ձևաչափերի որևէ սիմուլյատոր մշակելու: Բայց նման գործողությունները կհանգեցնեն էլ ավելի մեծ բևեռացման, և սխալ կլինի: Ճիշտ մարտավարությունն այժմ կլինի համաժողովրդական քննարկման իրական ձևաչափի մշակումը` ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում: Ի վերջո, խորհրդարանական և առանձին արտախորհրդարանական ուժերը վստահության քվե ունեն: Դե խոսեք նաև նրանց բոլորի հետ: Լսեք միմյանց: Իհարկե, դրա համար հարկավոր է մոռանալ որոշ անձնական պահանջներ և վիրավորանքներ, անցնել դրանց վրայով»,- ասաց նա։