Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել բրիտանական Defender նավի ուղղությամբ, որը եղել է 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմի մերձակայքում: Ռուսական ռմբակոծիչները 4ռումբ են օգտագործել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից էլ պնդում են, որ նման միջադեպ չի եղել: Նավի վրա գտնվող BBC- ի թղթակիցը ավելի ուշ հայտնել է, որ նավի անմիջական հարակից տարածքում կրակ չի եղել, և նավը չի փոխել իր ընթացքը:

Ինչպես նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, դեպքը տեղի է ունեցել Սեւ ծովում ՝ Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում: «Կործանիչ նավը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Այն չի արձագանքել նախազգուշացմանը», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ ռուս զինվորականների, ժամը 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է իրականացրել, իսկ 12:19-ին Սու-24Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել Defender-ի կործանիչի ընթացքի աժամանակ: Ըստ զեկույցի, բրիտանական նավի գործողությունները ճնշելու համար ռուսական ռմբակոծիչները չորս պայթուցիկ ռումբ են օգտագործել: Միջադեպի պատճառով Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն: 

«Ժամը 12:23-ին, Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության համատեղ գործողություններով, URO Defender կործանիչը լքեց Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովի սահմանները», -հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Այսօր առավոտյան կործանիչը պլանային անցում է կատարել Օդեսայից Սև ծովով դեպի Վրաստան՝ դուրս գալով Ղրիմի միջանցքով: Մեծ Բրիտանիայի ժամանակով ժամը 09:45-ին (ՀՀ ժամանակով. 12:45-ին): Նախազգուշացնող կրակոց չի արձակվել կործանիչ նավի ուղղությամբ:Ռուսները կրակային վարժանքներ էին իրականացնում Սև ծովում և միջազգային ծովային համայնքին նախազգուշացրել էին իրենց գործողությունների մասին: Կործանիչի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել  և մենք չենք ընդունում  մեղադրանքն այն մասին, որ նավի ուղղությամբ ռումբեր են նետվել՝ սահմանի խախտման պատճառով»:

BBC-ի թղթակից Ջոնաթան Բիլը, որը գտնվել է նավի վրա, ասել է, որ բրիտանական նավի անմիջական հարեւանությամբ կրակոցներ չեն եղել, այն անցել է Ղրիմի մերձակա տարածքային ջրերով՝ առանց ընթացքը փոխելու: Ինչպես հայտնել է թղթակիցը, ավելի քան 20 ռուսական ռազմական ինքնաթիռներ շրջում էին կործանիչի վրայով, իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանակ առ ժամանակ մոտենում էին կործանիչին ոչ ավելի, քան 90 մետր հեռավորության վրա:

Նա նշել է, որ նավն անցել է սահմանային հատվածն ու դուրս եկել միջազգային ջրեր, բայց ռուսական ինքնաթիռները դեռ շարունակել են ուղեկցել նավը՝ թռիչքներ կատարելով հենց վերևում:

Այդ ամբողջ ընթացքում նավի անձնակազմը գտնվել է իր դիրքերում, ինչ-որ պահի նրանք  մտավախություն են ունեցել, որ կրակահերթ տեղի կունենա, սակայն այդպես չի եղել:

Ռուսաստանի առափնյա պահպանության ջոկատը փորձել է մանևրել, որպեսզի նավը փոխի ընթացքը, բայց ռազմանավը շարունակել է ճանապարհը ծովային երթուղով ու նավարկել Ղրիմի ափից 12 կիլոմետր հեռավորության վրա»:

Հունիսի 14-ին Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը հաղորդել էր, որ ռուսական նավատորմը սկսել է հետևել Սև ծով մուտք գործած բրիտանական նավատորմի կործանիչ Defender-ի և Հոլանդիայի ռազմածովային ուժերի Everton հակահրթիռային պաշտպանության ֆրեգայի գործողություններին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  հայտարարություն էր տարածել միջադեպի կապակցությամբ: «Բրիտանական ռազմածովային ուժերի կործանիչի վտանգավոր գործողությունները Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը համարում է ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին»1982 թ. կոնվենցիայի կոպիտ խախտում:

Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն իր հերթին նշում է, որ նավը ուղևորվել է «Ուկրաինայի և Վրաստանի միջև ամենաուղղակի և միջազգայնորեն ճանաչված ճանապարհով»: Միևնույն ժամանակ,  հայտարարության մեջ շեշտվում է, որ «Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի պահանջները և կշարունակի հավատարիմ մնալ միջազգային կոնսենսուսին, որ Ղրիմի ռուսական բռնակցումը անօրինական է»:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրությունների, հունիսի 23-ին բրիտանական նավը մոտեցել է Ղրիմի ափին Սևաստոպոլի մերձակայքում: Ռուսաստանն այս տարածքը համարում է իր տարածքային ջրերը, քանի որ դրանք ողողում են 2014-ին Մոսկվային բռնակցված թերակղզու ափերը:

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուժերի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել նավի վրա:

Նախարարությունից հայտնել են, որ հիմնականում զբաղվել են գիշերային վարժանքներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն