Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:

Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն