Միրզոյան-Չավուշողլու հանդիպման դրես-կոդային թեման իհարկե բնականորեն գրավեց շատերիս ուշադրությունը. Հակոբ Բադալյան
Միրզոյան-Չավուշողլու հանդիպման դրես-կոդային թեման իհարկե բնականորեն գրավեց շատերիս ուշադրությունը, բայց անկասկած այն չպետք է լինի հանդիպման հանգամանքի շրջանակում առանցքային ուշադրության առարկան: Առավել եւս, որ զգալի իմաստով իրավիճակը որոշակիորեն պարզաբանված է ֆորումի ընթացքում թե Միրզոյանի, թե Չավուշողլուի, թե այլ նախարարների հանդիպումներում առկա համանման դրվագների առկայությամբ: Կրկնեմ միտքս իհարկե, որ արարողակարգն ու դրես կոդը դիվանագիտության «լեզվի» մաս են, բայց ընդհանուր առմամբ իհարկե հայ-թուրքական խոսակցության գործընթացը ունի ուշադրության առարկա առանցքային այլ հարցեր:
Էս համատեքստում բավականին տարօրինակ են հնչում արտահայտությունները, թե ու՞մ հետք ենք «խաղաղության դարաշրջան բացում, թուրքերի՞»: Իսկ ո՞րն է նախընտրելի, նրանց հետ խոսել խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի մասին: Սա նշանակու՞մ է, որ պետք է տրվել խաբկանքի կամ պատրանքի, իհարկե ոչ: Բայց, այդ առումով ինչպես պետք է չտրվել խաբկանքի թուրքերի՞ մասով, այդպես էլ որեւէ այլ, այդ թվում ռուսների՝ թե որեւէ ագրեսիայի դեպքում նրանք պաշտպանելու են Հայաստանը այնպիսի ծավալով, որը մեզ թույլ կտա օրինակ մի ամբողջ Հայաստան չվերածել ավերակի:
Նույնիսկ որեւէ պատերազմի ռիսկի առավելագույնս պատրաստվելու համար, մեզ, որպես պետություն, պետք է խոսել խաղաղությունից, որովհետեւ այդ պատրաստվելու համար իսկ մեզ պետք է շահել ժամանակ ու տարածություն, հաշվի առնելով, թե մեզ շրջապատող մարտահրավերներն ու անվտանգության ռիսկերը ինչ ծավալներով են գերազանցում մեր կարողությունը:
Կրկնեմ, անմտություն է թե Ռուսաստանին, թե նաեւ արեւմտյան որեւէ երկրի ապավինելը, այն պարզ պատճառով, որ աշխարհաքաղաքական իրավիճակն է չափազանց բարդ եւ որեւէ մեկի համար Թուրքիան կամ նրա ստվեր Ադրբեջանը պակաս կարեւոր չեն, քան Հայաստանը: Գոնե մեզ հետ պատահածից հետո մենք պետք է որ արձանագրած լինենք այդ պարզ իրողությունները:
Մեր խնդիրն է չլինել «մահակ» կամ «մանրադրամ» Ռուսաստանի ձեռքին, բայց նաեւ անել ամեն ինչ Ռուսաստանի դեմ «մահակ» կամ «մանրադրամ» չդառնալու համար: Դա գործնականում անիրագործելի է, եթե չստացվի ուղիղ խոսակցության կայուն հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ: Եթե իհարկե չենք ընտրում մյուս տարբերակը՝ սպասում ենք, թե երբ կվերանա Թուրքիան:
Հակոբ Բադալյան