Կիևը շրջափակման է պատրաստվում․ երկու շաբաթվա համար մթերք է կուտակել
Կիևում երկու միլիոն կիևցիների համար, որոնք մնացել են քաղաքում, անհրաժեշտ պարենային ապրանքների երկշաբաթյա պաշար է կուտակվում։ Այս մասին ասվում է Կիևի քաղաքային պետական վարչության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
«Քաղաքը պատրաստվել է շրջափակման դեպքում հնարավոր գործողությունների։ Այն երկու միլիոն կիևցիները, ովքեր չեն լքել իրենց տները, մենակ չեն մնա, եթե իրավիճակը վատթարանա։ Քաղաքային իշխանությունները բիզնեսի հետ համագործակցելով ամեն ինչ անում են դրա համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քաղաքը երախտապարտ է ուկրաինացի և արտասահմանյան գործընկերներին, ովքեր կարողացել են մեծ և փոքր խանութներին ամենաանհրաժեշտ ապրանքները ապահովել ամենակարճ ժամկետներում և կազմակերպել դրանց գրեթե անխափան առաքումը։
«Բացի այդ, մայրաքաղաքում վճարվում են աշխատավարձեր և թոշակներ, ուստի խնդրում ենք Կիևի բնակիչներին, հնարավորության դեպքում, ոչ միայն գնել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է խանութներից, այլև վճարել կոմունալ ծառայությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
1in.am