Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները վերջերս կամ ինչ-ինչ քաղաքական գործիչների ցանկությամբ առաջ եկած ինչ-որ բան չեն։ Մեր հարաբերությունները կոփվել են համատեղ կյանքի եւ համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում։ Այս մասին «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը արդի հայ հասարակությունում» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները լիովին կատարում են իրենց դերը նաեւ այսօր, իսկ Ռուսաստանը եւ Հայաստանը կապված են շատ սերտ կապերով՝ մարդկային, տնտեսական եւ այլն. «Մեր հարաբերություններն անայլընտրանքային են։ Մեզ միավորում է չափից ավելի շատ բան։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես այժմ, այս դժվար ժամանակներում, Հայաստանի Հանրապետության կյանքի եւ զարգացման այս բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»։

Ռուսաստանի դեսպանը կոչ արեց խոստովանել, որ միակ երկիրը, որն այս կրիտիկական իրավիճակում գործնական օգնություն է ցուցաբերել եւ ցուցաբերում, դա Ռուսաստանն է:

«Մեծ ջանքեր են գործադրվել եւ գործադրվում հիմա Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու եւ դրա հետագա զարգացման համար: Մենք շատ ենք կարեւորում այն ​​փաստը, որ հայ բնակչությունն արագորեն հաղթահարում է պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսը»,- ասաց նա:

Այդ ճանապարհին, նրա խոսքով, լուրջ քայլեր են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, աշխատանք է սկսվել եռակողմ ձեւաչափով, անվտանգության ապահովման գործում կարեւոր դեր ունի նաեւ ռուսական ռազմաբազան: Ռուսաստանը, շեշտեց նա, ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար: «Այս բոլոր ասպեկտները ցուցանշական են եւ ցույց են տալիս մեր մոտեցումը դաշինքի հարցերում»,- ասաց նա:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կողմից:




Նյութը՝  News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն